Նախ, Մեքսիկան, ինչպես և Հայաստանը, դեռ երբեք կին առաջնորդ չի ունեցել։ Ավելին, Շեյնբաումի հիմնական մրցակիցը նույնպես կին էր, ինչն առիթ է տվել մեկնաբաններից մեկին հեգնելու. «Բոլորը գիտեն, որ Մեքսիկան մաչո տղամարդկանց երկիր է։ Մաչոներն էլ կանանց են սիրում»։
Աննախադեպ է նաև այն, որ Շեյնբաումը հրեական ընտանիքից է. նրա երկու տատերն ու երկու պապերը ավելի քան 100 տարի առաջ ներգաղթել են Լիտվայից և Բուլղարիայից։ Եվ վերջապես, այդ կինը նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր է։ Կասեք՝ դե դա բոլորովին աննախադեպ չի, խաղաղության Նոբելյան մրցանակ են ստացել ամերիկյան նախագահներ Թեոդոր Ռուզվելտը, Վուդրո Վիլսոնը, Ջիմմի Քարթերը, իսկ Միշել Օբաման նույնիսկ կատակել է. «Դե, եթե ինձ էլ են Նոբելյան մրցանակ տվել, ուրեմն ցանկացած մարդ կարող է արժանանալ այդ պարգևին»։
Ուղղակի Նոբելյան մրցանակ ստացած նախագահների և Կլաուդիա Շեյնբաումի միջև մի շատ էական տարբերություն կա. այդ ղեկավարները դափնեկիր են դարձել իրենց քաղաքական գործունեության համար, իսկ Մեքսիկայի նախագահ դարձած այս կինը ֆիզիկոս է, 130-ից ավելի գիտական հոդվածներ է հրապարկել և Նոբելյան մրցանակի է արժանացել Կլիմայի փոփոխություններով զբաղվող փորձագետների միջկառավարական խմբի կազմում։ Երևի հիշում եք, որ հենց այդ խմբի զեկույցների պատրաստմանը մասնակցելու համար 2007 թվականին Նոբելյան մրցանակի դափնեկիր դարձավ առաջին հայը՝ Տորք Սահակյանը։
Որոշ քաղաքագետներ պնդում են, որ Կլաուդիա Շեյնբաումը պարզապես վայելում է գործող նախագահի բարձր վարկանիշի պտուղները։ Իսկապես, վեց տարի առաջ՝ 2018 թվականին իշխանափոխություն տեղի ունեցավ թե′ Հայաստանում, թե′ Մեքսիկայում։
Բայց կա երկու տարբերություն։ Եթե մեզ մոտ պահպանողական հանրապետականներն իշխում էին մոտ երկու տասնամյակ, ապա Մեքսիկայում, չե′ք հավատա, գրեթե 90 տարի շարունակ իշխանություն չէր փոխվել։ Եվ երկրորդ տարբերությունը՝ Հայաստանում 2018 թվականին 70 տոկոս ձայներով հաղթած ուժի հեղինակությունը 6 տարիների ընթացքում սրընթաց գահավիժեց, և հիմա, ըստ սոցիոլոգիական հարցումների, 20 տոկոսի էլ չի հասնում, այնինչ, Մեքսիկայում, ըստ ֆրանսիական «Le Monde»-ի, իր վեցամյա ժամկետն ավարտող նախագահ ԱՄԼՕ-ի, այսինքն՝ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի վարկանիշը կազմում է 60 տոկոս։ Մեքսիկացի լրագրողներից մեկը նկատում է. «Միլիոնավոր քաղաքացիներ կարոտով են հիշելու գնացող ղեկավարին, մինչդեռ որոշ երկրներում մարդիկ քննարկում են, թե ինչ դաժան ճակատագիր է սպասում իրենց առաջնորդներին պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո»։
Սակայն վերլուծաբանների մեծ մասը անդրադառնում է այն հարցին, թե ինչ ազդեցություն կունենա Կլաուդիա Շեյնբաումի պաշտոնավարումը Մեքսիկայի և Ամերիկայի խիստ փոփոխական հարաբերությունների վրա։ Դրանք իրոք բավական խրթին են եղել։ Մոտ 150 տարի առաջ Մեքսիկայի նախագահ Պորֆիրիո Դիասը, որն ակնհայտ դիկտատորական հակումներ ուներ, ասել է. «Խե՜ղճ Մեքսիկա՝ այնքան հեռու ես Աստծուց և այնքան մոտ ես ԱՄՆ-ին»։ Եվ այնուամենայնիվ, այս երկու երկրները կապված են բազում թելերով։ Էլ չեմ ասում, որ երկուսն էլ կոչվում են Միացյալ Նահանգներ, և այս տարի երկուսն էլ նախագահ են ընտրում, ընդ որում, Մեքսիկայում ընտրապայքարն ընթանում էր գեղեցիկ սեռի երկու ներկայացուցիչների միջև, այնինչ, ԱՄՆ-ում նոյեմբերին մրցելու են 70-ն անց տարեց տղամարդիկ, որոնցից մեկին դատում են, մյուսն էլ տարբեր երկրների ղեկավարների անուններն է շփոթում։
Եվ այնուամենայնիվ։ Եթե Հայաստանում արտերկրից ստացված տրանսֆերտներն անցած տարի կազմել են մոտ 4 միլիարդ դոլար, ապա մեքսիկացիները ԱՄՆ-ից հայրենիք են ուղարկել 64 միլիարդ դոլար։ Անցած տարվանից Մեքսիկան դարձել է նաև ԱՄՆ-ի թիվ մեկ առևտրային գործընկերը՝ առաջ անցնելով Կանադայից և Չինաստանից։ Դրանով հանդերձ Մեքսիկան Օբրադորի օրոք ամենևին չէր նմանակում հզոր հարևանի արտաքին քաղաքականությունը, ավելին, ակնհայտորեն հակառակվում էր։ Օրինակ, Մեքսիկայի նախագահը ցուցադրաբար չգնաց Լոս Անջելեսում հրավիրված ամերիկյան պետությունների գագաթնաժողովին, որտեղ չէին հրավիրված Կուբայի, Վենեսուելայի և Նիկարագուայի առաջնորդները։ Եվ քաղաքագետները համոզված են՝ կասկած չկա, որ Կլաուդիա Շեյնբաումը, ինչպես և խոստանում էր, շարունակելու է իր նախկինի քաղաքականությունը, որը կարելի է ձևակերպել այսպես՝ այո′, Մեքսիկան և Ամերիկան շատ լավ գործընկերներ են, բայց ոչ՝ դաշնակիցներ։
Իսկ եթե այս կինը չկատարի՞ նախընտրական խոստումները. կհարցնեն վերջին 6 տարում շատ բան տեսած հայաստանցիները։ Մեքսիկացի գրող Իգնասիո Սանչեսը ժպիտով պատասխանում է. «Դե, մենք՝ մեքսիկացիներս, նախագահ փոխելու վարպետ ենք։ Ի՞նչ է՝ չե՞ք լսել, որ 1913 թվականի փետրվարի 19-ին մեկ ժամում երեք նախագահ ենք փոխել։ Սա պատմական փաստ է»։