ՀՀ–ում հիփոթեքային վարկերից ածանցվող ռիսկերը էական չեն. ԿԲ նախագահ

Մարտին Գալստյան
Մարտին Գալստյանի խոսքով` տնային տնտեսությունները կարողանում են սպասարկել իրենց ստանձնած պարտքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ–ում հիփոթեքային վարկերից ածանցվող ռիսկերը, մասնավորապես լողացող տոկոսադրույքով վարկերի ռիսկերը էական չեն։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
«Մեր տնային տնտեսությունները նորմալ կերպով կարողանում են սպասարկել իրենց ստանձնած պարտքերը»,–ասաց ԿԲ նախագահը։
Նա հիշեցրեց, որ երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իրենք էական` 6.5 տոկոսով բարձրացրին` 4.25–ից դարձնելով 10.75, հիփոթեքը համարժեք չթանկացավ։
«Հիփոթեքի տոկոսադրույքը բարձրացավ ընդամենը 1.5-2 տոկոսով, այն էլ լագային ազդեցությամբ, որի արդյունքում այն բեռը, որը կարող էր ծանրանալ տնային տնտեսությունների վրա, բանկերի խելամիտ քաղաքականության արդյունքում տեղի չունեցավ»,–ասաց Գալստյանը։
Նա ընդգծեց, որ անընդհատ հարց է բարձրացվում, թե երբ է կենտրոնական բանկը սկսելու տոկոսներն իջեցնել, որն այդքան էլ դյուրին գործ չէ, քանի որ կախված է համաշխարհային ռիսկերից։
Անդրադառնալով անշարժ գույքի գների աճի հնարավոր միտումներին` ԿԲ նախագահը նշեց, որ մեծ խնդիր ունեն վիճակագրության հետ, որովհետև անշարժ գույքի գների ինդեքսները չեն արտացոլում այն իրականությունը, որը կա իրենց մասնագետների գնահատմամբ։
Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ–ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով
«Թեև վերջին ժամանակաշրջանում կա որոշակի շարունակական ակտիվություն, ես կարծում եմ, որ շուկայի հագեցվածության մակարդակը բավականին բարձր է, շուկան մի կետում է, որ անորոշությունը շատ մեծ է։ Ժամանակին տեսնում էինք, որ շուկան շարունակական, գծային կամ ոչ գծային աճի փուլում է, հիմա այդ տենդենցները, ըստ էության, չկան։ Շրջադարձի ռիսկ կա»,–ասաց ԿԲ նախագահը։
Նրա խոսքով` կա նաև անորոշության ռիսկ, որով պայմանավորված առքի ու վաճառքի միջև եղած տարբերությունը էականորեն բացվել է։
ԿԲ–ն բացատրում է, թե ինչու է դեպի Հայաստան միջազգային փոխանցումների թիվը նվազել