ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարարությունը գանձապետական հաշիվ է բացել Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից տուժած անձանց օգնելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Հայաստանում և արտերկրում ապրող բազմաթիվ հայրենակիցներ և կազմակերպություններ ցանկություն են հայտնել աջակցել Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժած անձանց: Նվիրատվություններն ընդունելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ»,– ասված է հաղորդագրությունում:
Ցանկացողները կարող են դրամային բանկային փոխանցումներն ուղղել ՀՀ ֆինանսների նախարարության 900005003315 գանձապետական հաշվին, իսկ քարտային փոխանցումները կատարել առցանց (ցանկացած արժույթով)՝ e-payments համակարգով հետևյալ հղումով:
Նշենք, որ մի շարք երկրներ, այդ թվում ՝ Ռուսաստանը, Չինաստանը, Վրաստանը, Հունաստանը, Կիպրոսը, հեղեղումների հետևանքների հաղթահարման գործում աջակցելու պատրաստակամություն են հայտնել, սակայն Հայաստանի կառավարությունը Եվրահանձնաժողովից խնդրել է ակտիվացնել քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։