ՀԱՊԿ-ը Հայաստանից հստակություն է ակնկալում. գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի–Sputnik. ՀԱՊԿ-ը ակնկալում է, որ Երևանը հստակություն կմտցնի կազմակերպության հետ իր հարաբերությունների հեռանկարներում ։ Այս մասին ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Ակնկալում ենք, որ հանրապետության քաղաքական ղեկավարությունը հստակություն կմտցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարներում։ Դա մեր միավորման բոլոր մասնակիցներին օգուտ կտար նախ և առաջ ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար», - ասել է նա։
Ընդ որում, գլխավոր քարտուղարը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին:
«Այնուամենայնիվ, փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են։ Հայաստանի հանրապետությունը մնում է կազմակերպության լիիրավ անդամ, այդ երկրի նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով», - ընդգծել է Տասմագամբետովը։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։