Երևանում ազգականների վեճն ավարտվել է կրակոցներով. կա վիրավոր

Ոստիկանական ավտոմեքենա
Կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Այսօր Երևանի Նոր Արեշ թաղամասում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով 1 մարդ է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը կրակոցների մասին ահազանգը ստացել է ժամը 19։00-ի սահմաններում։
Ոստիկանները Նոր Արշի 41-րդ փողոցում հայտնաբերել են արնանման հետքեր և կրակված պարկուճ։
Այդ ընթացքում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 52-ամյա Արթուր Ա․- ն։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Նոր Արեշից։
Պարզվել է, որ Արթուր Ա․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր հորեղբոր որդու` նույն տան բնակիչ 46-ամյա Գարիկ Ա․-ի հետ։ Գարիկ Ա․-ն իր մոտ եղած ողորկափող հրազենով 2 կրակոց է արձակել, ինչի հետևանքով Արթուր Ա․-ն ձախ ոտքի հատվածում ստացել է հրազենային վնասվածք։
Դեպքի փաստով քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գարիկ Ա․-ն ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին և ձերբակալվել։ Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրազենը։