ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի- Sputnik. ԵԱՏՄ երկրները նախատեսում են մեկ տարով երկարաձգել գյուղատնտեսական արտադրանքի արտահանման գործող մեխանիզմը։ Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Տարեկան կտրվածքով արդեն ձևավորվում են կարևորագույն ապրանքների՝ ցորենի և մեսլինի, գարու, եգիպտացորենի, արևածաղկի սերմերի, շաքարի և արևածաղկի ձեթի ինդիկատիվ հաշվեկշիռները։ Այդ ցուցանիշների համաձայնեցումը կօգնի ի թիվս այլ բաների համակարգել նաև արտադրանքի այդ խմբի արտահանումը միությունից դեպի արտաքին շուկաներ։ Նախատեսում ենք գործող մեխանիզմը երկարաձգել ևս մեկ տարով», - ասել է նա «Եվրասիական տնտեսական միության պարենային անվտանգություն» լիագումար նստաշրջանում:
Միշուստինը հավելել է, որ հարցը կքննարկվի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում։ Նա վստահություն է հայտնել, որ «հաշվեկշիռներ պետք է կազմվեն բոլոր կարևոր ապրանքների համար, և դրանց նախապատրաստումը պետք է դարձնել համաժամանակյա, ընդ որում՝ հաշվի առնելով «հնգյակի» յուրաքանչյուր երկրի միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը ագրոարդյունաբերական համալիրում արտադրությունն ավելացնելու հարցում»:
«Մեր արտահանման ապրանքները շատ առումներով նման են։ Եվ այս ոլորտում ընդհանուր քաղաքականության անցնելը թույլ կտա միասին գործել բոլոր մասնակիցների շահույթն ավելացնելու համար, այլ ոչ թե մրցակցել միմյանց հետ»,-ասել է նա։
ՌԴ վարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ գոյության 10 տարվա ընթացքում ագրոարդյունաբերական համալիրում արտադրությունն աճել է ավելի քան մեկ քառորդով, այս տարվա առաջին եռամսյակում ավելացել ավելի քան 1,5 տոկոսով%։
Փոխադարձ մատակարարումները թույլ են տալիս կայունացնել գները միջսեզոնային ժամանակահատվածում:
Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ի սեփական գյուղատնտեսական պարենով ապահովվածության մակարդակը 2023 թվականի արդյունքներով գերազանցել է 93 տոկոսը։
Ռուսաստանն ու Ղազախստանն ամբողջությամբ ծածկում են հացահատիկի և բուսական յուղերի միութենական շուկայի պահանջները, Բելառուսը մսամթերքի և կաթնամթերքի հուսալի մատակարար է, Հայաստանն ու Ղրղզստանը՝ բանջարեղենի և մրգերի։