ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Բելառուսի Նեսվիժ քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Հանդիպումն ընթանում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Նեսվիժի դղյակի Ոսկե սրահում։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել Եվրասիական տնտեսական ինտեգրման խորացման հարցերը`, ներառյալ տրանսպորտային ենթակառուցվածքը, մաքսասակագնային կարգավորումը և կլիմայական օրակարգը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) զեկույց կներկայացնի անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի և խախտումների կանխմանն ուղղված միջոցառումների մասին, նախատեսվում է քննարկել նաև առանցքային ապրանքների համար ինդիկատիվ հաշվեկշիռների համակարգի կիրառման ժամկետների երկարաձգումը:
Բացի այդ, զեկույց կներկայացվի ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքներում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման մասին` ներառյալ չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը: Կքննարկվեն նաև երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման միջոցառումների ծրագրի իրականացումը և ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը:
Եվրասիական զարգացման բանկը հաշվետվություն կներկայացնի ներդրումային գործունեության միջոցով ԵԱՏՄ պետությունների միջև առևտրատնտեսական կապերին աջակցելու, ինչպես նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործունեության արդյունքների մասին:
Նիստի արդյունքներով նախատեսվում է մի շարք բազմակողմ փաստաթղթերի ստորագրում:
Եվրասիական միջկառավարական խորհուրդը վերահսկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների կատարումը: 2014 թվականին ստեղծված ԵԱՏՄ-ի կազմում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը: