Ավարտվել է Իրանի նախագահի ընտրությունների թեկնածուների գրանցումը. 80 հայտ է ընդունվել

Իրան
Գրանցման վերջին օրը 43 անձ է հայտ ներկայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Իրանում ավարտվել է նախագահական արտահերթ ընտրություններին մասնակցելու համար թեկնածուների գրանցումը։ Տեղեկությունը հայտնում է «Tasnim» գործակալությունը:
«Ժամը 18:00-ին ավարտվեց 14-րդ նախագահական ընտրություններին մասնակցելու համար թեկնածուների գրանցումը, որը սկսվել էր մայիսի 30-ին: Ընտրական շտաբում մի քանի թեկնածու կա, որոնց գրանցումը շարունակվում է», — ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
«Tasnim»-ի տվյալներով՝ գրանցման վերջին օրը հայտ է ներկայացրել 43 մարդ։ Հինգ օրվա ընթացքում ընտրական շտաբը գրանցել է 80 անձանց, որոնք ցանկանում են պայքարել Իրանի նախագահի պաշտոնի համար:
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։
Իրանի Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ նախագահական նոր ընտրությունները պետք է տեղի ունենան 50 օրվա ընթացքում: Թեկնածուների գրանցումը կիրականացվի մայիսի 30-ից հունիսի 3-ը, ստուգումը՝ հունիսի 4-10-ը: Թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին: Նախընտրական քարոզարշավը կտևի հունիսի 12-26-ը: Նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։ Եթե անհրաժեշտություն լինի, երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 5-ին։