ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պահանջում է, որպեսզի ձերբակալեն այն անձանց, որոնք զրպարտել են իրեն։
Նշենք, որ իշխանական Civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանը հայտարարություն էր տարածել, թե սրբազանը ՌԴ ԱԱԾ–ի գործակալ է, ինչպես նաև միլիոնավոր դոլարներ է ստացել Կրեմլից։ ՀՀ դատախազությունից հայտնել են, որ ազգային անվտանգության ծառայությունն այդ հրապարակումները շուրջ 1 ամիս ուսումնասիրել է։ Ընդգծել են` այդ հրապարակումների առնչությամբ որևէ ապացույց չի հայտնաբերվել։ Միևնույն ժամանակ, քրեական վարույթ չի նախաձեռնվել լրագրողի կողմից սուտ մատնության փաստի առթիվ։ Այդ հոդվածով հանցագործության մասին հաղորդում էլ չի ստացվել։
«Ես փաստաբանների հետ կխոսեմ ու յուրաքանչյուրը, որն ասել է, թե մենք գործակալ ենք, պետք է ձերբակալվի։ Մեր գնահատանքը պարոն Աբազյանին և աշխատակազմին, որ անդրադարձել են։ Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի այս հերքման հիման վրա այդ խունտայի մարդիկ, որոնք բերան բացեցին ու խոսեցին իմ գործակալ լինելու մասին, պատասխան տան։ Մենք իրավական ճանապարհով էլ ենք գնալու»,– նշեց սրբազանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով 24 ժամվա ընթացքում կա՛մ քրեական վարույթ նախաձեռնել և պատասխանատվության կանչել Բագրատ սրբազանին, կա՛մ սուտ մատնության համար պատասխանատվության կանչել իշխանական Civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանին։