Տոմատի գինը Հայաստանում թանկ չէ՝ շնորհիվ Իրանից ներկրվող տոմատի խյուսի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Գործարար Հարություն Մնացականյանը՝ արձանագրելով, որ Հայաստանում վերջին տարիներին միշտ եղել է լոլիկի դեֆիցիտ, որը ծածկվել է պարսկական տոմատի խյուսի ներկրման շնորհիվ։
«Տոմատի ներկրումն արգելում են, որ տոմատի գինը թռնի, հասնի եսիմո՞ւր»,- ասել է Մնացականյանը՝ մեկնաբանելով կառավարության մտադրությունը՝ ժամանակավորապես արգելելու երրորդ երկրներից տոմատի մածուկի ներմուծումը։
Իրավական ակտերի նախագծերի հարթակում հրապարակված կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում արգելքը կգործի ընթացիկ տարվա հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։
Էկոնոմիկայի նախարարությունում կարծում են, որ դա թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել տեղական արտադրվողների համար, խթանել տեղական արտադրությունն ու պայմաններ ստեղծել ընթացիկ տարվա լոլիկի բերքի մթերման համար։