«Զվարթնոցում» հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյանը մեկնել է Ֆրանսիա

Լրագրողը նշել է, որ պետք է ուշքի գա և հոգ տանի առողջության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik․ Այսօր՝ հացադուլի 41-րդ օրը, «Զվարթնոց» օդանավակայանից Ֆրանսիա է ճանապարհվել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը: Նա արդեն այնտեղից տեսանյութ է հրապարակել։
«Ես պետք է ուշքի գամ, լավացնեմ առողջական վիճակս, սնվեմ, որպեսզի շարունակեմ պայքարը», - հայտարարել է նա սոցցանցի ուղիղ եթերում:
Նիկոլյանը հայտարարել է, որ նիհարել է 19 կգ-ով, բայց դա իրեն չի անհանգստացնում. նա արտաքինից ծերացել է, բայց երիտասարդացել է հոգով։
Լրագրողը նաև հայտարարել է, որ շարունակելու է պայքարել։ Նա մտադիր է երեքշաբթի մեկնել Ֆրանսիայի Ազգային ժողով և պատմել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Հիշեցնենք` ապրիլի 23-ին տեղեկացրել էինք, որ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Նիկոլյանն անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանում։
Նիկոլյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։