«Վարազդատ, այն կողմն գնա, հայհոյանքի վրա ես կանգնել». իրավապաշտպանների ակցիան` Երևանում

Իրավապաշտպանների ակցիան Երևանի Հանրապետության փողոցում
Բողոքի ակցիան տևել է 29 րոպե, որից հետո իրավապաշտպանները բացել են Հանրապետության փողոցի վերջնամասը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» Երևանի Հանրապետության փողոցի վերջնամասում բողոքի խորհրդանշական ակցիա են իրականացրել։
Իրավապաշտպանները մարդու իրավունքներով զբաղվող տեղական ու միջազգային կառույցների, դեսպանությունների ուշադրությունը գրավելու համար Հանրապետության փողոցի վերջնամասում դեպքի վայրի ցուցադրական զննություն են իրականացրել և իրենց խոսքով` փորձում էին գտնել ոստիկանների պատիվը, որոնք նրանք «կորցրել էին» մայիսի 27–ին՝ տասնյակներով հարձակվելով ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա։
Մայիսի 27–ին մոտ երկու տասնյակ ոստիկաններ շրջափակել էին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին (ՀՅԴ անդամ է), նրանցից 1–2–ը հարվածել ու քաշքշել էին նրան բերման ենթարկելիս։ Եվ դա այն դեպքում, երբ Աշոտ Սիմոնյանը ոստիկաններին էր ներկայացրել ԱԺ պատգամավորի վկայականը։ Ավելի ուշ ՆԳՆ–ից հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության 1 ծառայողի լիազորությունները։
«6 օր առաջ այստեղ խայտառակ հանցագործություն էր տեղի ունեցել , ոստիկանական առանձին ծառայողներ խուլիգանական վարքագիծ էին դրսևորել՝ հարվածելով պատգամավորին և հայհոյանքներ հնչեցնելով։ Մինչև այս պահը ոչ մի քրեական գործ հարուցված չէ, ընդամենը ոստիկանության մի ծառայող է աշխատանքից ազատվել»,–ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա համեմատական անցկացրեց մայիսի 31–ին ԱԳՆ շենքի մոտ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումից, նշելով, որ րոպենների ընթացքում 28 ցուցարար է բերման ենթարկվել, այնուհետև ձերբակալվել, մինչդեռ այս դեպքում ոստիկանությունն ու քննչական կոմիտեն աչք են փակում։
«Զննության ընթացքում հայտնաբերեցինք բազմաթիվ սեռական հայհոյանքներ, անպարկեշտ արտահայտություններ, ոստիկանական բռնություններ, ձեռքի, ոտքի հարվածներ, 6 օրվա անգործություն։ Վարազդատ, այն կողմն գնա, հայհոյանքի վրա ես կանգնել»,–ասաց Մելիքյանը։
Ակցիայի ընթացքում իրավապաշտպաններին մոտեցան ՆԳՆ ոստիկանության ծառայողները և 14 րոպե ժամանակ տվեցին փողոցը բացելու համար։
Բողոքի ակցիան տևեց 29 րոպե, որից հետո իրավապաշտպանները բացեցին Հանրապետության փողոցի այդ հատվածը։