ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Հայաստանի հյուսիսում ջրհեղեղից տուժածների համար դրամահավաքի կարիք չկա։ Այս մասին Ալավերդու քաղաքապետարանում ՝ ջրհեղեղի հետևանքների վերացման օպերատիվ շտաբում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը:
«Պետությունն ի զորու է լուծել բնակչության մոտ ծագող բոլոր խնդիրները, օպերատիվ շտաբի տրամադրության տակ բնակչության համար բավարար սնունդ, հագուստ և տնտեսական ապրանքներ կան»-, հավելել է նա:
Մարզպետը նշել է, որ տուժած տների բնակիչների մեծ մասը դեռ չի կարողանում վերադառնալ. նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց տներն ու բակերը մաքրվում են տիղմից ու ավազից, ժամանակ է պետք, որպեսզի պատերն ու կահույքը չորանան:
Մարզպետի խոսքով` Ալավերդի և Ախթալա համայնքներում ավարտվել են մաքրման աշխատանքներն, սակայն դրանք շարունակվում են Սանահինում և հեղեղից ամենաշատը տուժած Քարկոփ գյուղում։
Դեբեդ գետի մյուս կողմում գտնվող յոթ բնակավայրեր տանող գրունտային ճանապարհի վրա շարունակում են մանրացված քարեր լցնել, որպեսզի այն անցանելի լինի բոլոր տեսակի մեքենաների համար (այժմ միայն բեռնատարներն ու ամենագնացները կարող են երթևեկել այդ ճանապարհով): Այս ճանապարհն այժմ ծառայում է որպես այլընտրանք քանդված կամուրջներին, մինչև դրանք վերակառուցվեն։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։