ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. 2005-2013 թվականներին Իրանի նախագահ, 67-ամյա Մահմուդ Ահմադինեժադը գրանցվել է երկրի արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
«Ես վստահ եմ, որ երկրի բոլոր խնդիրները կարելի է լուծել ազգային ներուժի առավելագույն օգտագործմամբ»,-հայտարարել է քաղաքական գործիչը փաստաթղթերը ընտրական շտաբ ներկայացնելուց հետո ճեպազրույցի ժամանակ:
2005 թվականին քաղաքական գործիչը հաղթել էր նախագահական ընտրություններում՝ երկրորդ փուլում հավաքելով ընտրողների ձայների 61,75%-ը։ 2009 թվականին նա վերընտրվել էր պաշտոնում՝ հավաքելով ձայների 63%-ը։ Երկրի գործադիր իշխանությունը ղեկավարելու տարիներին Ահմադինեժադը աչքի է ընկել Արևմուտքի հանդեպ կոշտ քննադատությամբ և իրանական միջուկային ծրագրի զարգացման տեմպերի աճով:
Հենց նրա նախագահության օրոք են Իսլամական Հանրապետության դեմ կիրառվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջազգային պատժամիջոցները, ինչպես նաև Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից առավել կոշտ սահմանափակումները։ 2012թ․-ին ԵՄ-ն հաստատեց իրանական նավթի մատակարարման էմբարգոն, որը լրջորեն հարվածեց երկրի տնտեսությանը: Իրանի հաջորդ նախագահ Հասան Ռոհանին 2015 թվականին Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ կնքեց միջուկային գործարք՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը:
Միջուկային ոլորտում Թեհրանի գործունեության նկատմամբ վերահսկողության ուժեղացման դիմաց ՄԱԿ-ի ԱԽ-ն և Արևմուտքը պետք է հանեին Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցները։ 2018 թվականին ԱՄՆ-ի այդ պահին գործող նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ համաձայնագրից։ Այսօր ամերիկացի քաղաքական գործիչները խոստովանում են, որ Իրանի հետ գործարքը փաստացի մեռած է։
2017 և 2021 թվականներին Ահմադինեժադը փաստաթղթերը ներկայացրել էր Իրանի գործադիր իշխանության ղեկավարի հերթական ընտրություններին մասնակցելու համար, սակայն նրա թեկնածությունը մերժվել էր Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից: 2018 թվականի հունվարի 6-ին Ահմադինեժադը ձերբակալվել էր երկրում 2017 թվականի վերջին - 2018 թվականի սկզբին տեղի ունեցած հակակառավարական ցույցերին աջակցելու համար: Պատճառը քաղաքական գործչի հայտարարություններն էին ցույցերի ժամանակ։
Հիշեցնենք՝ մայիսի 30-ին Իրանում սկսվել է նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը, այն կտևի մինչև հունիսի 3-ը: Հունիսի 4-ից թեկնածությունները մեկ շաբաթ կքննարկվեն Սահմանադրության պահապանների խորհրդում` երկրի նախագահի պաշտոնի համար հավակնորդի որակավորման համապատասխանությունը պարզելու նպատակով։ Մասնակիցների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին: Արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 28-ին:
Մայիսի 19-ին Իրանի հյուսիսում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգում կործանվել էր նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը: Նրա հետ միասին թռչում էին Իրանի ԱԳՆ ղեկավարն ու մի շարք պետական գործիչներ։ Օդանավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։