Հայ Առաքելական եկեղեցին նշում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը

Մայր աթոռ
Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակի օրը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Հայ Առաքելական եկեղեցին այս տարի հունիսի 2–ին նշում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը։
Ըստ ավանդության՝ Խոր Վիրապում բանտարկությունից դուրս գալուց հետո Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է տեսնում, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը:
Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սուրբ Էջմիածնի՝ Աստվածածնին նվիրված Կաթողիկե մայր տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաև Տրդատ թագավորը և Աշխեն թագուհին:
Ըստ Մաղաքիա պատրիարք Օրմանյանի «Ծիսական բառարան»-ի՝ «կաթողիկե» նշանակում է աթոռանիստ մայր եկեղեցի, և այս անունը հատուկ տրվել է Էջմիածնի մայր տաճարին:
Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակի օրը: Տոնի օրը մատուցվում է սուրբ Պատարագ։