Դավիթ Չալոյանը օլիմպիական ուղեգիր նվաճեց

Դավիթ Չալոյանը օլիմպիական ուղեգիր նվաճեց
Փարիզի ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2024 թ. հուլիսի 26-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի, Sputnik - Խաչիկ Չախոյան. Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ավարտվեց բռնցքամարտի Փարիզ-2024-ի վարկանիշային մրցաշարը։ Մրցումներին մասնակցած 10 հայ բռնցքամարտիկներից միայն Դավիթ Չալոյանին հաջողվեց օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք վաստակել։
Գերծանր քաշային կարգում Չալոյանը այս մրցումներում տոնեց 3 հաղթանակ, իսկ ուղեգիր վաստակելու համար վճռորոշ մենամարտում, դժվարին պայքարում 3։2 հաշվով առավելության հասավ իռլանդացի Մարտին ՄակԴոնահի նկատմամբ։
Այպիսով, Փարիզի օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցումներում մենք կունենանք մեկ մասնակից, իսկ այս պահի դրությամբ օլիմպիական խաղերում մասնակցելու իրավունք Հայաստանից ունի 12 մարզիկ։
Օլիմպիական խաղերի ուղեգրերին շատ մոտ էին նաև Ռաֆայել Հովհաննիսյանն ու Անի Հովսեփյանը։ Պարզապես վիճակահանությունը ինչ-որ տեղ խանգարեց Ռաֆայելին, որը չորս օրվա ընթացքում նույնքան մենամարտ անցկացրեց, ու այսօր վճռորոշ մենամարտում նրա մոտ զգացվում էր թարմության պակասը։ Ռաֆայելը պարտվեց հորդանանցի մրցակցին, Անի Հովսեփյանն էլ մեկ օր առաջ նոկաուտով հաղթանակ տանելուց հետո միավորներով պարտվեց Իռլանդիայի ներկայացուցչին։
Չի բացառվում, որ բռնցքամարտի օլիմպիական մրցումներում հանդես կգա ևս մեկ հայ մարզիկ։ Մրցումներում կարող են հանդես գալ նաև հրավիրված բռնցքամարտիկներ եռակողմ հանձնաժողովի կողմից։ Տղամարդկանց համար նախատեսված է մեկական տեղ տալ 57, 63,5, 71 և 80 կգ քաշային կարգերի համար, իսկ կանանց համար մեկ տեղ հատկացվելու է բոլոր՝ 6 քաշային կարգերի համար, բացառությամբ 75 կգ քաշային կարգի։ Այնպես որ, չի բացառվում, որ հրավեր կստանան նաև հայ բռնցքամարտիկները։
Փարիզի ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2024 թ. հուլիսի 26-ին, փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 11-ին։