ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Զոհրե Էլահիանը առաջին իրանուհին է դարձել, որը ներկայացրել է փաստաթղթերը երկրի նախագահի ընտրություններին մասնակցելու համար և գրանցվել է որպես թեկնածու, հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Իրանի ընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամիին:
«Տիկին Զոհրե Էլահիանը գրանցվել է ընտրություններին մասնակցելու համար», -IRIB հեռուստաալիքի եթերում հայտարարել է Էսլամին: Ընդ որում, ուրբաթ օրը նա նշել էր, որ երեք այլ իրանուհիների գրանցումը մերժվել է, քանի որ «նրանք չեն համապատասխանել անհրաժեշտ պայմաններին»:
«Հույսի արևը կծագի իսլամական Իրանի վրա։ Ես փաստաթղթերը ներկայացնելու եմ ընտրական շտաբ` որպես իմ հայրենի երկրի կանանց համայնքի ներկայացուցիչ»,-գրել է Էլահիանը X սոցցանցի իր էջում։
Մայիսի 30-ին սկսվել է նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը, այն կտևի մինչև հունիսի 3-ը: Հունիսի 4-ից թեկնածությունները մեկ շաբաթ կքննարկվեն Սահմանադրության պահապանների խորհրդում` երկրի նախագահի պաշտոնի համար հավակնորդի որակավորման համապատասխանությունը պարզելու նպատակով։ Մասնակիցների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին: Արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 28-ին:
Մայիսի 19-ին Իրանի հյուսիսում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգում կործանվել էր նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը: Նրա հետ միասին թռչում էին Իրանի ԱԳՆ ղեկավարն ու մի շարք պետական գործիչներ։ Օդանավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։