ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ և մաղթել հետևել այն ուղուն, որը մատնանշում է ժողովրդական դիվանագիտությունը՝ դեպի մերձեցում և համագործակցություն։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
«Դուք փորձառու քաղաքական գործիչ եք և տարիների ընթացքում բազմիցս համոզվել եք, որ միջազգային հարաբերություններում ամենաճշգրիտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է։ Իսկ այն միշտ անսխալ մեզ ցույց է տվել մերձեցման և համագործակցության ուղին։ Եթե գնանք այդ ճանապարհով, եթե հետևենք փառապանծ նախնիների դարավոր ավանդույթներին, ապա միասին կարող ենք շատ ավելիին հասնել։ Զգալի հիմք արդեն ստեղծվել է», - ասված է շնորհավորական ուղերձում։
Բելառուսի ղեկավարը վստահություն է հայտնել, որ առևտրի, արդյունաբերության և հումանիտար ոլորտում առկա զարգացումները բարձր մակարդակի աջակցության շնորհիվ հնարավորությունների նոր հորիզոններ կբացեն Մինսկի և Երևանի համար:
Լուկաշենկոն ընդգծել է, որ ակնկալում է հարցերի լայն շրջանակի շուրջ կառուցողական երկխոսության շարունակություն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային և ինտեգրացիոն հարթակներում:
Հիշեցնենք` այսօր լրանում է Փաշինյանի 49–ամյակը։