Մեկ տարվա դադարից հետո ՀԿԵ-ն կվերսկսի ոսկու հանքաքարի տեղափոխումը Սոթքի կայարանից

Ալեքսեյ Մելնիկով
Փոխադրումների ծավալներն առայժմ կզիջեն նախկին ցուցանիշներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Ոսկու հանքաքարի տեղափոխումը «Զոդ» կայարանից «Արարատ» կայարան կվերսկսվի հունիսին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
Ադրբեջանական կրակոցների պատճառով Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր նախորդ տարվա ապրիլի կեսերին: Իսկ 2023-ի հունիսին Մելնիկովը հայտարարել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մտադիր չէ կրճատել աշխատակիցների հաստիքները Սոթքի հանքում պարբերաբար կրակոցների հետևանքով առաջացած դժվարությունների պատճառով։
«Մենք «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության մեր հարգարժան գործընկերների հետ որոշել ենք, որ հունիսից պետք է սկսենք ոսկու հանքաքարի տեղափոխումը «Զոդ» կայարանից «Արարատ» կայարան», - Sputnik Արմենիային հայտնեց ՀԿԵ ղեկավարը։
Միաժամանակ նա նշեց, որ փոխադրումների ծավալներն առայժմ կզիջեն նախկին ցուցանիշներին։
«Մասշտաբները դեռ մինչև վերջ չեն որոշվել։ Իհարկե, նախկին չափով չեն լինի, բայց, այնուամենայնիվ, կարևոր է աշխատանքների մեկնարկի փաստը», - ընդգծեց Մելնիկովը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սոթքի հանքի աշխատակիցներին տարհանել են ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով: Անցյալ տարվա հոկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Սոթքի հանքի շահագործման դադարեցումը բացասաբար է անդրադարձել Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշների վրա: