ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառուցվածքների և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզի Քարկոփ գյուղի բնակիչների հետ քննարկել է հեղեղումների հասցրած վնասները։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։
«Այսօր այցելել եմ Քարկոփ բնակավայր, որն աղետի առաջին օրն ամբողջությամբ ջրածածկվել էր, իսկ բնակիչները տարհանվել էին։ Բնակավայրում արդեն իրականացվում են տիղմից մաքրման աշխատանքներ։ Զրուցել եմ բնակիչների հետ, քննարկել ենք վնասները։ Պատասխանել եմ նրանց հուզող հարցերին»,– գրել է նա։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։