ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Անկարան կարող է դիտարկել Սիրիայի տարածքից զորքերի դուրսբերման հնարավորությունը, եթե Թուրքիայի սահմանն անվտանգ լինի։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Յաշար Գյուլերը։
«Մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել այն հարցերում, որոնք վերաբերում են համապարփակ սահմանադրության ընդունմանը, ազատ ընտրությունների անցկացմանը, լայնամասշտաբ կարգավորմանը եւ անվտանգ իրադրության ապահովմանը։ Միայն այն բանից հետո, երբ դա արվի, իսկ մեր սահմանը լիովին անվտանգ լինի, մենք կարող ենք դիտարկել զորքերի դուրսբերումը, եթե անհրաժեշտ լինի», - նախարարի հայտարարությունը մեջբերում է «TRT Haber» հեռուստաալիքը։
Հիշեցնենք` 2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց։ Թուրքիան, որը մինչ այդ հակամարտությունը սերտ հարաբերություններ էր պահպանում Դամասկոսի հետ, սկսեց հանդես գալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդների կողմից: Թուրքիայի ու Սիրիայի հարաբերությունները լարվեցին։ Սակայն վերջին շրջանում երկու կողմերն էլ, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունները լուսաբանող լրատվամիջոցները սկսել են խոսել աստիճանական կարգավորման հնարավորության մասին: 2022 թվականի դեկտեմբերին Ռուսաստանում կայացան Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների՝ վերջին 11 տարվա ընթացքում առաջին բանակցությունները։