Ադրբեջանում ակտիվորեն պատրաստվում են է ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովին։ Իլհամ Ալիևը նույնիսկ հայտարարել էր, թե միջազգային համաժողովը լավ հնարավորություն է խաղաղության պայմանագիրը քննարկելու և ստորագրելու համար։
Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությանը հստակ չարձագանքեց, նույնիսկ չպատասխանեց լրագրողների հարցին` նոյեմբերին մեկնելո՞ւ է Բաքու` համաժողովին մասնակցելու, թե՞ ոչ։ Ադրբեջանի նախագահի հրապարակային խաղաղասիրական առաջարկությունների տակ իրականում այդ երկրիրը պատրաստվում է բնապահպանական միջոցառումը օգտագործել Հայաստանի դեմ լայն հակաքարոզչություն ծավալելու նպատակով։
Ադրբեջանական աղբյուրներում առկա տեղեկություններով` Ալիևի ռեժիմը հրահանգել է համաժողովին ընդառաջ քարոզչական նյութեր ու քարտեզներ պատրաստել, որոնցում Հայաստանը կներկայացվի` որպես տարածաշրջանն ամենաաղտոտող եկիր, ընդ որում, այդ պսևդոքարտեզներում Հայաստանի տեղանունները ներկայացված են լինելու, իբր, ադրբեջանական անվանումներով։
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը Sputnik Արմենիային ասել է, որ Ադրբեջանն իր մտադրություն ոչ միայն չի թաքցնում, այլև խորհրդարանականների մակարդակով բազմաթիվ անգամ հայտարարել է, որ միջազգային համաժողովը օգտագործելու է որպես գործիք`իրենց ձևակերպմամբ. «Հայաստանի իրական դեմքը ներկայացնելու համար»։
Ավելորդ չէ հիշել, որ նոյեմբերին Բաքվում նախատեսված համաժողովը ի սկզբանե նախատեսված էր անցկացնել Հայաստանում։ Բայց 2023թ–ի տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերը հայտարարություն հրապարակեցին, որտեղ ասվում էր, որ համաժողովն անցկացնելու հայտը Երևանը զիջում է Բաքվին։ Դրա դիմաց Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 32 հայ ռազմագերիների, իսկ Հայաստանն` Ադրբեջանին տվեց 2 սահմանախախտների, որոնցից մեկը մեղադրվում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանելու համար։