Ճամփեզրերին որոշակի նստեցումներ ու փլուզումներ են տեսանելի․ Սանոսյանը՝ աղետի գոտու մասին

Գնել Սանոսյան
Նախարարի խոսքով՝ աղետի գոտու վերականգնման համար միջազգային գործընկերներից թե՛ մասնագիտական, թե՛ ֆինանսական աջակցության կարիք է լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հսկայական մաքրման և վերականգնման աշխատանքներ են արդեն իրականացվել Քարկոփում, որը հեղեղումներից ամենատուժած բնակավայրն է, միակն է, որի բնակիչներն ամբողջությամբ տարհանվել են։ Ալավերդիում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Թե՛ մասնագիտական, թե՛ ֆինանսական աջակցության կարիք կունենանք, որովհետև մենք բացի վերականգնողական աշխատանքներից, ենթադրվում է, որ այս հատվածներում որոշակի արտոնյալ ծրագրեր պետք է իրականացնենք բիզնեսի խրախուսման, գյուղատնտեսության ուղղությամբ, այսինքն՝ ոչ միայն այս պահի կարիքները, այլև աջակցության ծրագրեր մարդկանց ոտքի կանգնելու, իրենց տնտեսությունը, բիզնես գործունեությունը նորից ծավալելու ուղղությամբ»,- ասաց Սանոսյանը՝ անդրադառնալով այսօր ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների՝ ավելի քան 40 ներկայացուցիչների այցին։
Նախարարը նաև դիմեց քաղաքացիներին՝ ուշադիր լինել անկած կենդանիներ նկատելիս, անպայման տեղեկացնել պատասխանատու մարմիններին՝ հնարավոր համաճարակային իրավիճակներից խուսափելու համար։
Ճանապարհների եզրերին որոշակի նստեցումներ են արդեն տեսանելի, փլուզումներ, որոնք, օրինակ, 3 օր առաջ չկային, ջուրն իր գործն արել է։ Նախարարը հորդորեց բնակիչներին զգոն լինել։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ