ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik․ Ազգային գերհամակարգչային կենտրոնի բացումը կարևոր իրադարձություն է Հայաստանի գիտատեխնոլոգիական կյանքում։ Ինժեներական քաղաքում Շառլ Ազնավուրի անվան «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի» բացման հանդիսավոր արարողության ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Սա գեղեցիկ օրինակ է, թե ինչպես պետությունը կարող է մեկտեղել ջանքերը մասնավոր հատվածի հետ, զուգահեռ առանձին օրակարգեր ունենալով հանդերձ՝ խոշոր, ռազմավարական նախագծերի շուրջ համատեղել ջանքերը և ստանալ մի գեղեցիկ արդյունք»,- նշեց նախարարը։
Նա հավելեց՝ Հայաստանը ձգտում է լինել մի երկիր, որը նորարարական լուծումներ կառաջարկի ոչ միայն սեփական ժողովրդին, այլև Երկիր մոլորակին։
Մխիթար Հայրապետյան
© Sputnik / Aram Nersesyan
«Այստեղ կարևոր են այն ջանքերն ու քաղաքականությունները, որ կառավարությունն ու մասնավոր հատվածը համատեղ, սինքրոն իրականացնում են՝ ստանալու մրցունակ տնտեսություն հենց տեխնոլոգիական նորարար լուծումների միջոցով»,- նշեց Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ ինժեներական քաղաքը իր նոր գերհամակարգչային լաբորատորիայով մեզ առաջ է մղելու այս երազանքի ճանապարհին։
Նախարարը նշեց, որ այս կենտրոնը մեզ հնարավորություն կտա նաև պատրաստելու բարձր որակավորում ունեցող մասնագետների։
Նշենք, որ Երևանի ինժեներական քաղաքը դեռ մինչև վերջ չի կառուցվել, սակայն դրա կառուցված մասում արդեն ավելի քան 20 ընկերություն է տեղակայվել: Նոր մասում կտեղակայվեն գերհամակարգչային կենտրոնը, ինչպես նաև լաբորատորիաներ, որտեղ կուսումնասիրվեն արդյունաբերության համար հեռանկարային խնդիրները։ Գերհամակարգիչն ավելի վաղ Հայաստան էր բերվել Ֆրանսիայից։
Գերհամակարգիչ
© Sputnik / Aram Nersesyan