ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտում է ԱԳՆ շենքի մոտ քիչ առաջ քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումը։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Հայտնել ենք, որ ԱԳՆ շենքի մոտ իրադրությունը ծայրաստիճան լարվել է։ Ոստիկանությունը մարդկանց բերման է ենթարկել ԱԳՆ շենքի մոտից։
«Հորդորում ենք թե՛ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, թե՛ հավաքի մասնակիցներին զերծ մնալ իրավիճակի սրման ցանկացած փորձից»,–նշված է հայտարարության մեջ։
Մանասյանը հատուկ ընդգծել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում` համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ։
Պաշտպանը նաև շեշտել է, որ հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, իրենց հերթին, կրում են հավաքի խաղաղ ընթացքը ապահովելու պարտականություն և պետք է ցուցաբերեն զսպվածություն ու պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները:
Մանասյանը հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը և իրավական չափանիշները։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։