Կրասնոդարում փակվել է գեներալ Կուզնեցովի գործով մեղադրյալ Լյովա Մարտիրոսյանի բիզնեսը

Լյովա Մարտիրոսյան
Կրասնոդարցի գործարարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՌԴ ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետ Յուրի Կուզնեցովի գործով մեղադրյալ Լյովա Մարտիրոսյանին պատկանող հյուրանոցներից մեկը, ճաշարանը և մթերային խանութը փակվել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նրա «Դրախտ» հյուրանոցը, նույնանուն մթերային խանութն ու սրճարանը գտնվում են Կրասնոդարի բանակի գեներալ Շտեմենկոյի անվան բարձրագույն ռազմական դպրոցի դիմաց՝ Գրիբոյեդով փողոցում։ Մոտ երկու շաբաթ է, ինչ խանութը փակ է, սրճարանի դռան վրա գրված է. «Ժամանակավորապես չի աշխատում»։
Արտոնագրման դաշնային ծառայության կայքում հյուրանոցների և այլ կացարանների գրանցամատյանում անհատ ձեռնարկատեր Լյովա Մարտիրոսյանը նշված է որպես Կրասնոդարի Իգնատով եղբայրների փողոցում գտնվող «Դրախտ» հյուրանոցի սեփականատեր: Այս հաստատությունը շարունակում է իր աշխատանքը, ինչը գործակալությանը հաստատել են նրա աշխատակիցները։
Կրասնոդարցի գործարարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ։ Քննության վարկածով՝ Կուզնեցովը, անձամբ ծանոթ լինելով Մարտիրոսյանի հետ, որոշել է կաշառք ստանալ այն գործողությունների համար, որոնցով նա իր պաշտոնեական դիրքի, զբաղեցրած պաշտոնի և հեղինակության շնորհիվ կարող էր նպաստել կաշառք տվողի շահերին։ Կուզնեցովն ու Մարտիրոսյանը կալանավորված են։