Ի՞նչ տեխնիկա է տրամադրել Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնը աղետից տուժած ՀՀ մարզերին

Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացված փրկարարական աշխատանքներին, տեղացիներից բացի, այլ մասնագիտական, կամավորական խմբեր չեն ներգրավվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,31 մայիսի – Sputnik. ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում մայիսի 26–ին հորդառատ անձրևներից հետո հեղեղումների ժամանակ անհրաժեշտ տեխնիկա է տրամադրել Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը Հայաստանի իշխանություններին փոխանցել է անհրաժեշտ սարքավորումներ:
ՆԳՆ–ից հայտնում են, որ մայիսի 26-ին ժամը 01:56-րոպեից ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի 911 տարածքային ահազանգման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել Դեբեդ և Աղստև գետերի վարարման հետևանքով ավտոմեքենաների արգելափակման, ջրածածկման, ճանապարհների և շինությունների փլուզման, մարդկանց տեղաշարժի արգելափակման և այլ տարաբնույթ դեպքերի վերաբերյալ:
«Վերոնշյալ դեպքերի արձագանքման ժամանակ կիրառվել են Ռուս–Հայկական մարդասիրական կենտրոնի կողմից ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչությանը (ՄՓՎ) հատկացված «Կամազ 43502» մակնիշի փրկարարական ավտոմեքենան, «Կամազ 43253» մակնիշի հրշեջ ավտոբաքը և 1 մոտոպոմպ»,– հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Միաժամանակ գերատեսչությունից հայտնում են, որ ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացված փրկարարական աշխատանքներին, տեղացիներից բացի, այլ մասնագիտական, կամավորական խմբեր չեն ներգրավվել։
Տավուշի մարզին այլ երկրներից հեղեղման հետևանքների դեմ պայքարի շրջանակում տրամադրված օգնության վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ-ն տեղեկատվություն չունի։
Հավելենք, որ 102-րդ բազայի ուժերով և միջոցներով օգնելու պատրաստակամություն էր հայտնել նաև ՌԴ ՊՆ-ն։
Դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել են աղետի գոտի
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։