ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Բելառուսում հունիսի 3-4-ը անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Հայաստանը հնարավոր է` ներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։
«Ուզբեկստանի վարչապետը կլինի որպես դիտորդ երկրի ներկայացուցիչ, պատվավոր հյուրը կլինի Ադրբեջանի վարչապետը»,-ասել է Գոլովչենկոն կառավարության մամուլի ծառայության Telegram ալիքում հրապարակված մեկնաբանությունում։
Նրա խոսքով՝ հանդիպմանը կմասնակցեն մյուս հինգ երկրների վարչապետները։
Գոլովչենկոն նշել է, որ միջոցառման նկատմամբ հետաքրքրությունը կարող է մասամբ պայմանավորված լինել նաև նրանով, որ «Բելագրո» միջազգային ցուցահանդեսի հիման վրա կանցկացվի ԵԱՏՄ պարենային անվտանգության հարցերով լիագումար նստաշրջան։
«Ներկայացվածությունը լայն է, իմ գործընկերները պատրաստվում են խոսել այս կարևոր խնդրի շուրջ... Օրակարգը ավանդաբար հագեցած է, կան մի շարք հարցեր, որոնք պետք է քննարկել։ Դրանք վերաբերում են մաքսային արժեքի (ներմուծվող ապրանքների,–խմբ.) վերահսկողությանը»,- պարզաբանել է Բելառուսի վարչապետը։
Հավելենք, որ ԵԱՏՄ կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը և Ղրղզստանը։