ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ՀՀ հանրային մուլտիպլեքսում ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի հաղորդումը դադարեցնելու վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել ՀՀ արտգործնախարարություն, որն էլ երևի այսօր կփոխանցի դրանք ռուս գործընկերներին։ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Հայրապետյանը շեշտեց` 2020 թվականի դեկտեմբերին` 44-օրյա պատերազմից 1.5 ամիս անց, ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև միջպետական համաձայնագիր է ստորագրվել։ Արդյունքում 3 ռուսաստանյան հեռուստաալիք հնարավորություն են ստացել ՀՀ հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու։ Նա ընդգծեց, որ հետագայում կյանքը ցույց տվեց` գործնական դաշտում այդ համաձայնագիրը խմբագրելու անհրաժեշտություն կա։
«Նման անհրաժեշտություն էր առաջացել, քանի որ Ռուսաստանի մեդիատիրույթում մեզ համար, մեր պետականության, մեր ժողովրդի հույզերը և արժանապատվությունը վիրավորող, նսեմացնող անընդունելի արտահայտություններ էին հնչում։ Այսօր մեր առաջարկները ներկայացրել ենք ԱԳ նախարարությանը, ու երևի հենց այսօր էլ նրանք կներկայացնեն ՌԴ արտգործնախարարությանը։ Հաջորդ շաբաթ, ամենաուշը, մեր ռուս գործընկերները կստանան պաշտոնական առաջարկները»,– ասաց Հայրապետյանը։
Նա ընդգծեց, որ առաջարկություններն ուղղված են նրան, որ բոլոր խախտումները հետևանքներ ունենան։Դրանք կանխարգելիչ միջոցառումներ են, ոչ թե պատժիչ։ Հետագայում այդ միջոցառումները թույլ կտան կանխել Հայաստանում բուռն արձագանք առաջացնող բովանդակությամբ հաղորդումների հեռարձակումը։
Հայրապետյանը շեշտեց նաև, որ Սոլովյովի հաղորդումն արգելափակելուց հետո հանրային մուլտիպլեքսում և կաբելային հեռուստատեսությունում ոչ մի խախտում չի արձանագրվել։ Նա շեշտեց` առնվազն վերջին 2 ամսվա ընթացքում բովանդակությունը մաքրվել է անընդունելի հայտարարություններից։
Հիշեցնենք, որ մարտի 29–ին «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում: