ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճած Երևանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի սեփական հարկի տակ անցկացվելիք հանդիպումը կարող է անցկացնել Հայաստանում. որևէ անհրաժեշտություն չկա դիմելու ՈւԵՖԱ-ին՝ Թբիլիսիում խաղալու համար։ Այս մասին ArmSport-ին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Այսօր ավելի վաղ Sputnik Արմենիան զրուցել էր «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հետ, որը նշել էր, որ դեռևս ապրիլին իրենք ՀՖՖ-ից նամակ են ստացել, որտեղ նշվել է, որ չեմպիոն դառնալու դեպքում Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երևանյան հանդիպումը կարող են անցկացնել կա՛մ Արմավիր քաղաքի մարզադաշտում, կա՛մ էլ Գյումրիի քաղաքային մարզադաշտում։ «Փյունիկում» դա ծիծաղելի են համարել` հաշվի առնելով երկրպագուների քանակն ու դիմել են Թբիլիսիի «Դինամոյին», որպեսզի «Փյունիկը» իր խաղը Չեմպիոնների լիգայում անցկացնի Թբիլիսիում։
ArmSport-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից տրամադրել են այն նամակը, որն ուղարկել են «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին։
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբին ուղարկված նամակը
© Photo
«Նամակից հստակ երևում է, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հերթական անգամ ստում է և զբաղվում էժանագին մանիպուլյացիաներով։ Որևէ անհրաժեշտություն չկա և չի կարող լինել՝ դիմելու ՈւԵՖԱ-ին՝ հանդիպումները Թբիլիսիում անցկացնելու համար»,–նշել են ֆեդերացիայից:
Հավելենք, որ «Փյունիկ»-ՀՖՖ հակամարտությունը սկսվել է այն ժամանակից, երբ ակումբը ձեռք բերած Արթուր Սողոմոնյանը քննադատություններ է հնչեցրել ՀՖՖ-ի նկատմամբ։ Գործը հասել է նրան, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը 2023-ի մայիսին դատական հայց է ներկայացրել Սողոմոնյանի նկատմամբ։