ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հայաստանի մասնակցության սառեցումը չի կարող լրջորեն խաթարել ՀԱՊԿ–ի աշխատանքը։ Այս հայտարարությունն արել է Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը «Союзники. ОДКБ»–ին տված հարցազրույցում։
«Ցանկացած քայլ, որը կարող է ՀԱՊԿ անդամ պետություններին հեռացնել միմյանցից, սխալ է ։ Կազմակերպության շրջանակներում ստեղծվել են գործուն մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս քննարկել և հանգուցալուծումներ գտնել ամենատարբեր հարցերի շուրջ, նույնիսկ եթե առաջին հայացքից թվում է, թե դրանք դժվար լուծվող հարցեր են: Ես չեմ կարծում, որ Երևանի այդ քայլը կարող է լրջորեն խաթարել կազմակերպության աշխատանքը, քանի որ ՀԱՊԿ–ը լիովին կայուն է», - ասել է Գրիզլովը։
Նրա խոսքով` գլխավոր հարցն այն է, թե հենց Հայաստանն ինչպես է այդ պայմաններում կառուցելու քաղաքականությունը, քանի որ Հարավային Կովկասում Արևմուտքի գործողություններն ու ծրագրերը բնավ թելադրված չեն այդ տարածաշրջանի երկրների հանդեպ հոգատարությամբ: Վաշինգտոնն ու Բրյուսելը ոչ թե կառուցողական համագործակցության են ձգտում, այլ ուզում են տարածաշրջանի երկրներին ներքաշել իրենց աշխարհաքաղաքական արկածախնդրությունների մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։