«Հայբուսակի» կեղծ վկայականներ են տվել և ուսանողներից ավելի քան 18 միլիոն դրամ հափշտակել

Ուսհաստատությունների 3 ղեկավարների և 2 աշխատակիցների նկատմամբ խափանման միջոցներ են ընտրվել գրավը և բացակայելու արգելքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik․ Չունենալով միջին մասնագիտական կրթություն և որակավորում տալու անհրաժեշտ լիցենզիա՝ Ար.Հ.-ն, «Հայբուսակ» համալսարանի՝ իրար հաջորդած նախկին երկու տնօրենների հետ խմբի կազմում, 86 ուսանողներից խարդախության եղանակով ընդհանուր 18.159.000 ՀՀ դրամ գումար է հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ 2013թ. դեկտեմբերից մինչև 2016թ. մայիս «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ շենքում Ար.Հ.-ն իր ղեկավարած ուսումնական հաստատությունը ներկայացրել է որպես «Հայբուսակ» քոլեջի Իջևանի մասնաճյուղ, որտեղ կազմակերպել ու իրականացրել է ուսանողների ընդունելություն, դասընթացներ կազմակերպել, քննություններ անցկացրել, ավարտական դիպլոմների տրամադրրել, դրանց դիմաց գումարներ ստացել։ «Հայբուսակ» քոլեջի Իջևանի մասնաճյուղ արդեն իսկ դիմած և սովորող, ինչպես նաև՝ 2013թ. դեկտեմբերի 19-ից հետո ընդունված նոր դիմորդներին համապատասխան լիցենզիա չունենալու մասին լռելով, նա մասնաճյուղը ներկայացրել է որպես օրինական գործող ուսհաստատություն, իսկ դիպլոմները՝ վավեր ու իրավական ուժ ունեցող պաշտոնեական փաստաթղթեր:
«Արդյունքում՝ հիշյալ քոլեջ դիմած և ընդունված ուսանողներից ընդունելության դիմումների, տարեկան վարձավճարների, քննությունները վերահանձնելու թույլտվության և ավարտական դիպլոմների տրամադրման համար, ինչպես միայնակ, այնպես էլ Ան. և Ս.Հ.-երի հետ միասին, «Հայբուսակ» համալսարանի հաշվապահ Շ.Գ.-ի և «Հայբուսակ» համալսարանի Երևանի բազային քոլեջի ռեկտոր Ա.Հ.-ի օժանդակությամբ, առձեռն և բանկային փոխանցումների միջոցով, խարդախության եղանակով ստացել է ընդհանուր 16.064.000 ՀՀ դրամ գումար և հափշտակել այն։ Իսկ 19.12.2013թ. մինչև 16.11.2018թ. ընկած ժամանակահատվածում Ար.Հ.-ն, Ա.Հ.-ի հետ խմբի կազմում 23 ուսանողներին իրացրել է հիշյալ գործողությունների արդյունքում պատրաստված՝ «Հայբուսակ» համալսարանի Երևանի բազային քոլեջն ավարտելու վերաբերյալ կեղծ դիպլոմներ»,- տեղեկացնում են ՔԿ-ից։
Բացի այդ, Ար.Հ.-ն 2016թ. մայիսի 31-ից մինչև 2017թ. հուլիս՝ որպես «Կառավարման արևելյան քոլեջ» ՍՊԸ տնօրեն, չունենալով Իջևանի համապատասխան հասցեում միջին մասնագիտական կրթություն և որակավորում տալու գործունեության լիցենզիա, իր ղեկավարած ուսումնական հաստատությունը խաբեությամբ ներկայացրել է որպես օրինական գործող: Իր տնօրինությամբ «Հայբուսակ» քոլեջի Իջևանի մասնաճյուղ անվանումով գործած ուսումնական հաստատություն ընդունված, սակայն դեռևս չավարտած ուսանողներից, ինչպես նաև նոր դիմորդներից շարունակել է ստանալ իբրև ուսման և դիմումների գումարներ՝ խարդախությամբ հափշտակելով ավելի քան 2 միլիոն դրամ։
Ձեռք բերված փաստերի հիման վրա, Ար.Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր կեղծելը) 1-ին և 2-րդ մասերով, Ան.Հ.-ին և Ս.Հ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի(Խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով, Ա.Հ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (Խարդախության հանցակից) 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր կեղծելը) 2-րդ մասով, Շ.Գ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (Խարդախության հանցակից) հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Մեղադրյալներ Ան., Ս. և Ա.Հ.-երի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ յուրաքանչյուրի մասով 5.000.000 ՀՀ դրամի չափով, իսկ Ար.Հ.-ի և Շ.Գ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Նախաքննության ընթացքում վերականգնվել է տուժողներին պատճառված ընդհանուր 15.074.000 ՀՀ դրամ վնասը: