Հայաստանում առաջին անգամ կանցկացվի գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշար

Մրցաշարը ՅՈւՆԻԱԴԱ-ի որակավորման փուլի պաշտոնական կարգավիճակ ունի: Մրցումներին կմասնակցեն մարզիկներ 5 երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, ԱՄԷ-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Հունիսի 1-2-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի գեղարվեստական մարմնամարզության «Friendship international cup 2024» միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն աշխարհի հինգ երկրների հավաքականներ: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց UNIADA-ի նախապատրաստման և անցկացման միջազգային կոմիտեի նախագահ Իվան Պետրինը։
Իվան Պետրին
Յունիադայի նախագիծը մի քանի փուլից բաղկացած միջազգային մեծ միջոցառում է, եզրափակիչ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 15-16-ը Մոսկվայում: Գաղափարը ծագել է Ռուսաստանում հինգ տարի շարունակ անցկացվող մրցաշարերի շարքից։
Պետրինը նշեց, որ իրենց համար, որպես կազմակերպիչների, սկզբունքորեն կարևոր է, որ հնարավորինս շատ մարդիկ զբաղվեն սպորտով, առողջ ապրելակերպ վարեն: Նա պարզաբանեց, որ UNIADA-ի նպատակն է միավորել ամբողջ աշխարհի մարզիկներին: Սա սպորտի զարգացման շարժիչ ուժերից է։
«Այս պահին բավականին մեծ աշխատանք է կատարվել, նախագիծն արդեն մի քանի տարվա է, այս տարի մասնակցում են ավելի քան 5 հազար մարզիկներ աշխարհի 25 երկրներից, այդ թվում՝ Չինաստանից, ԱՄՆ-ից, Հայաստանից, Ղազախստանից և մի շարք այլ երկրներից։ Սա բավականին մեծ սպորտային շարժում է։ Ներկայում մենք զարգանում ենք երկու հիմնական ուղղություններով՝ միջազգային ֆեդերացիաների միացում և տարբեր երկրների ներկայացուցիչների միացում»,-ասաց Պետրինը։
Նա նշեց, որ UNIADA միջազգային կոմիտեն իր կազմում Հայաստանի կողմից ընդգրկել է ՀՀ գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանին և նրան երկրի տարածքում բացառիկ ներկայացուցչի իրավունքներ է շնորհել:
Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյան
Պետրինը նշեց, որ միջոցառումը մեկնարկում է հունիսի 1–ին, մասնակիցների պարգևատրման արարողությունները տեղի կունենան երկու մրցութային օրերին:
«Մենք լավ հարթակ ենք պատրաստել, շատերն ասում են, որ մեզ մոտ ավելի լավ է, քան Դուբայում։ Ամսաթիվը՝ հունիսի 1-ը, հատուկ է ընտրվել, որպեսզի ասոցացվի երեխաների, նոր սերնդի, ապագայի հետ»,-ասաց Ռոտենբերգ-Արզաքանցյանը։
Իվան Պետրինն ու Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանը
Նա անդրադարձավ նաև Հայաստանի Գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի գործունեությանը՝ տեղեկացնելով, որ իրենց հաջողվել է մեծ առաջընթաց գրանցել: Բացի այդ, գրանցվել է Հայաստանի տարածքում երկրորդ ֆեդերացիան ՝ Federation of Aesthetic Group Gymnastics-ը։ Նրա գործունեությունը կապված կլինի մարմնամարզության գեղագիտական ուղղության զարգացման հետ:
«Այդ ուղղությունը Հայաստանի տարածքում դեռ գոյություն չունի, այն դեռ զարգացած չէ։ Մենք առաջին բացահայտողն ենք»,-ասաց Ֆեդերացիայի ղեկավարը։
Հիշեցնենք, որ մրցաշարը UNIADA-ի որակավորման փուլի պաշտոնական կարգավիճակ: Մրցումներին կմասնակցեն մարզիկներ 5 երկրից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, ԱՄԷ-ից: