ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. ԵՄ-ն այսօր պատժամիջոցներ է սահմանել Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Աշտիանիի դեմ՝ Ռուսաստանին իբր ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթղթում:
Այնտեղ նշվում է, որ Աշտիանիի գլխավորած գերատեսչությունը «պատասխանատու է Իրանի զինված ուժերի ծրագրման, լոգիստիկայի և ֆինանսավորման համար, հսկայական դեր է խաղում պաշտպանական արդյունաբերության, այդ թվում՝ ԱԹՍ-ների արտադրության մեջ»: Այդ կապակցությամբ ԵՄ-ում կարծում են, որ նախարարը պատասխանատու է Ռուսաստանին աջակցելու, այդ թվում՝ իրանական ԱԹՍ-ների մատակարարումների համար։
Սահմանափակումները ներառում են ԵՄ տարածքում ակտիվների սառեցում և դեպի Եվրամիություն ուղևորությունների արգելք:
Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում հայտնվել են ևս հինգ ֆիզիկական անձինք և երեք իրանական կազմակերպություններ, ներառյալ Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժերը՝ «Մերձավոր Արևելքի և Կարմիր ծովի տարածաշրջանում անվտանգությունը խաթարելու համար»:
ԵՄ-ն նաև պատժամիջոցներ է սահմանել վեց ֆիզիկական անձանց (ԿԺԴՀ-ի հինգ քաղաքացիների և ՌԴ Պրիմորսկի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոյի), ԿԺԴՀ-ից երկու կազմակերպությունների և ռուսական «Արևելյան Սթիվիդորնային ընկերություն» կոնտեյներային տերմինալի դեմ՝ կորեական ռազմական ծրագրերի, ինչպես նաև Ռուսաստանին աջակցելու համար: