Բագրատ սրբազանը պահանջում է, որ Միրզոյանը պատասխանի Ալիևի և Էրդողանի հայտարարություններին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդմաներն ու կողմնակիցները ԱԳՆ–ի շենքի մոտ
Նա ժամանակ տվել նախարարին, որ իջնի ներքև ու զրուցի հանրության հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ կոչ արեց նախարար Արարատ Միրզոյանին իջնել ներքև ու ժողովրդի առաջ պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` վերջին օրերին հնչեցրած հայտարարություններին։

«Իջե՛ք, պատասխանե՛ք ադրբեջանական բոլոր տեսակի հայտարարություններին, որոնք հնչում են մեր պետության հասցեին, դուք ի վերջո պատասխան տալի՞ս եք, թե՞ չեք տալիս, ի վերջո, այդքան տղամարդկություն ունե՞ք խոսելու, թե՞ ոչ»,– ասաց նա։

Սրբազանը հավելեց, որ եթե նախարարը չիջնի, ապա ինքը լրագրողների ու ցուցարարների հետ վերև կբարձրանա։
«Եթե դուք չեք իջնելու և հրապարակային չեք խոսելու, ապա ձեր բոլոր ասածները` դավաճան, գործակալ ու մնացած բոլոր բաները, ձեր վրա եք վերցրել ու այսուհետ ծառայում եք ոչ թե ՀՀ–ին, այլ թուրքական ու ադրբեջանական իշխանություններին»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։