Առաջիկա 2 տարում ՀՀ բնակավայրերի 80 տոկոսը պետք է 3-ական 4G ցանց ունենա. ՀԾԿՀ նախագահ

Շարժական ինտերնետից օգտվողների թիվը հանրապետությունում գնահատվում է 3,2 մլն․ այս թիվը ներառում է ինչպես մշտական բնակիչներին, այնպես էլ երկրում ժամանակավորապես բնակվող քաղաքացիներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Առաջիկա երկու տարիներին Հայաստանի բնակավայրերի 80%-ում պետք է երեք գործող օպերատորների 4G ցանցեր կառուցվեն։ Այս մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է խորհրդարանում 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ։
Բաղրամյանը նշել է, որ Երևանում, Գյումրիում և Վանաձորում կընդլայնվի 5G կապի ծածկույթը, այդ թվում՝ «իրերի ինտերնետ» տեխնոլոգիայի համար:
Օպտիկամանրաթելային ինտերնետը հասանելի է բնակավայրերի 70%-ում, որտեղ ապրում է երկրի բնակչության 97%-ը: Առաջիկա 2 տարում օպերատորները օպտիկական լարեր կանցկացնեն մնացած 30% փոքր գյուղերում։
Բաղրամյանի խոսքով՝ հանրապետությունում շարժական ինտերնետից օգտվողների թիվը գնահատվում է 3,2 միլիոն (ներառյալ Հայաստանի մշտական բնակիչները և այստեղ ժամանակավորապես բնակվողները- խմբ.): Նախորդ տարվա համեմատ օգտատերերի թիվն աճել է 8%-ով, իսկ նրանց կողմից սպառվող թրաֆիքը՝ 6,5%-ով։