Վնասները ավելի քիչ կլինեին, եթե պատկան մարմինները կանխարգելիչ գործողությունների միջոցով նվազեցնեին ռիսկերը.Խանգելդյան

Sputnik
Մայիսի 28-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների գոտուց փրկվել ու տարհանվել են 443 քաղաքացիներ։ Լոռու մարզում գետերի վարարումից տուժել է նաև «Լոռի» ջրօգտագործող ընկերությունը։ Վնասվել են ընկերության համակարգերը։ 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր երկայնքով վնասվել են Հարավկովկասյան երկաթուղու գծերը։
«Անցած շաբաթավերջին Լոռու և Տավուշի մարզերի բնակիչներին պատուհասած աղետի հետևանքները համեմատաբար ավելի քիչ կլինեին, եթե պատկան մարմինները մշտադիտարկումների և համապատասխան կանխարգելիչ գործողությունների միջոցով նվազեցնեին ռիսկերը»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի նախկին պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը։
Ըստ մասնագետի` այս սեզոնի հորդառատ անձրևներն ու գետերի վարարման վտանգը նոր երևույթ չեն, ուստի պետք էր պատշաճ ուշադրություն դարձնել այդ ամենին աղետից առաջ` հետևելով հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի կանխատեսումներին։