ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը վերջին անգամ հանրությանը ներկայացել է Երևանում։ Տեղեկությունը հայտնում է հաղորդավարուհի Անֆիսա Չեխովան, որը նաև տեսանյութ է հրապարակել սոցցանցում։
Կադրերում երևում է, թե ինչպես են Զավորոտնյուկը և Չեխովան լուսանկարվում ոսկերչական խանութի բացմանը, այնուհետև ճաշում ռեստորանում: Չեխովայի խոսքով` այդ ուղևորության ընթացքում իրենք շատ են ծիծաղել և վայելել հայկական խոհանոցը։
«Այնպես է ստացվել, որ ես վերջինն եմ հանրության առաջ երևացել Նաստյայի հետ։ Երևան կատարած այդ ուղևորության ժամանակ մենք աննորմալի նման ծիծաղում էինք։ Չափից շատ հայկական ուտելիք էինք կերել, և առավոտյան օդանավակայանում Նաստյան ինձանից խոստում կորզեց, որ մենք այլևս երբեք այդքան շատ չենք ուտելու», - պատմել է հաղորդավարուհին։
Չեխովան նշել է, որ թեպետ իրենք մտերիմ ընկերուհիներ չեն եղել, բայց հաճախ են հանդիպել նկարահանումների ժամանակ։ Հաղորդավարուհին նկատել է, որ Զավորոտնյուկի տրամադրությունը փոխված է եղել իրենց վերջին հանդիպման ժամանակ։ Չեխովան նաև խոստովանել է, որ նախընտրում է միայնակ սգալ Անաստասիայի կորուստը՝ լրատվամիջոցների համար ոչինչ չմեկնաբանելով:
Հիշեցնենք` «Իմ չքնաղ դայակը» սերիալի աստղ Անաստասիա Զավորոտնյուկի մահվան մասին հայտնի դարձավ այսօր` մայիսի 30-ին։ Դերասանուհին կյանքից հեռացել է 53 տարեկանում ուղեղի քաղցկեղի՝ գլիոբլաստոմայի դեմ երկարատև պայքարից հետո, որը ախտորոշվել էր 2019-ին: