ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում վերջին 2-3 շաբաթվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 30-ի համեմատ բարձր է 7 սմ–ով և կազմում է 1900 մ 49 սմ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը։
«Հուսով եմ, որ ջրբացթողումները կքչանան դրա հաշվին։ Դա մի քանի առումով է լավ` առաջինը` դաշտերը անձրևներից ջրվում են, բացթողումներն էլ կքչանան, քանի որ ջրամբարները լցվում են։ Եթե այսպես շարունակվի, Սևանի ջուրն էլ նորմալ օգտագործվի, ապա մինչև տարվա վերջ մենք դրական ցուցանիշներ կունենանք հաստատ»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ դեռ ապրիլի 15-ին «Հիդրոօդերևութաբանության ու մոնիտորինգի կենտրոնը» հայտնել էր, որ 2023 թվականի համեմատ 2024 թվականին կանխատեսվում է բավականին ջրառատ տարի։