ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» ընկերությունը Հայաստանում հեռարձակման հնարավոր դադարեցման մասին նախնական ծանուցումներ չի ստացել, թեև դա նախատեսված է համաձայնագրերով: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի տարածքում ժամանակավորապես դադարեցվել է ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը դա բացատրել էր նրանով, որ ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2,5 ամսվա պարտք։ Նրա խոսքով` ռուսական ալիքի սփռումը հանրային մուլտիպլեքսում ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը։
Հեռուստաընկերությունից նշում են, որ առաջացած պարտքի պատճառները բացառապես տեխնիկական են։
«Մեր ընկերությունը ուշադիր հետևում է իր պարտավորությունների կատարմանը, որպեսզի գործող պայմանագրի խախտումներ թույլ չտա։ Մենք կապ ենք հաստատել հայկական կողմի հետ, այսօր հաստատել են, որ բոլոր վճարումները ստացված են, և մենք սպասում ենք առաջիկա ժամերին Երևանի մուլտիպլեքսում Առաջին ալիքի հեռարձակման վերսկսմանը»,-նշել են մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ՝ մայիսի 7-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը կարգելափակի ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում, եթե նրանք չհարգեն պետական կարգն ու հանրապետության շահերը:
Մինչ այդ՝ մարտի 29-ին, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից հայտնել էին հանրային մուլտիպլեքսում «Ռոսիա 24» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումների հեռարձակումը արգելափակելու մասին: Որոշումը բացատրվում է մշտական խախտումների փաստերով։