ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին հեղեղումներից տուժած շրջանների վերականգնման հարցում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսել ենք դրական արձագանք և կրկնում ենք, որ բոլոր առաջարկները, որոնք արվել են, արդիական են։ Եվ որպես դաշնակիցներ՝ մենք միշտ պատրաստ ենք նեցուկ լինել՝ ելնելով Երևանի կարիքներից», - ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը չի արձագանքել օգնության առաջարկին։
Նա հիշեցրել է, որ հետևանքների վերացմանը միանգամից միացել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, Հայաստանի իշխանություններին փոխանցել է անհրաժեշտ սարքավորումներ:
102-րդ բազայի ուժերով և միջոցներով օգնելու պատրաստակամություն է հայտնել ՌԴ ՊՆ-ն։ Օգնության տրամադրման հարցը քննարկում են նաև Հայաստանում գործող մի շարք ռուսական ընկերություններ, մասնավորապես ՀԿԵ-ն, որը սպասարկում է Երևան-Թբիլիսի երթուղին:
«ՀԿԵ–ն այս օրերին ակտիվորեն զբաղվում է երկաթուղային շարժման վերագործարկմամբ», - ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ դեպքի վայր են գործուղվել տարբեր պրոֆիլի մասնագետներ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ միասին նրանք բարդ խնդիրների լուծումներ են փնտրում։
«Մեկ անգամ ևս ցավակցում ենք տարերքի հետևանքով մահացածների հարազատներին ու մերձավորներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին: Նաև անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք ջրհեղեղից տուժած շրջանների բնականոն կյանքը վերականգնելու համար», - նշել է Զախարովան։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։