ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունից հավաստիացրել են, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում կվերականգնեն երկաթուղու այն հատվածը, որը վնասվել է հեղեղումներից։ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ավելի վաղ զեկուցել էր, որ մոտ 2 կմ–ի են հասնում երկաթուղու տարբեր հատվածների վնասվածքները, խոսքը վերաբերում է Այրումից մինչև Սանահին կայարանի 27 կմ–անոց հատվածին։
Փաշինյանը տեղեկացրեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայում երկաթուղու վերականգնման թեմայով շփումներ է ունեցել ռուսաստանցի գործընկերների` «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ։
«Նրանք հավաստիացրել են, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի»,– ասաց ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։