ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Երկրի հյուսիսում տեղի ունեցած աղետը ստիպում է անդրադառնալ ճանապարհաշինական և կամուրջների կառուցման ստանդարտներին, ինչպես նաև որակի հարցին։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դա մեզ պետք է, որպեսզի հասկանանք` ճի՞շտ են սպասարկվում մեր ճանապարհները, ու, ընդհանրապես, պետք է հասկանալ` ի՞նչ ենք նկատի ունենում կամուրջ ասելով։ Մեր այցի ժամանակ մեկ–երկու կամուրջ աչքովս ընկավ, որոնք ընդամնեը երկու խողովակ էին` պայմանական ուղղահայաց ու հորիզոնական շարված, որը կամուրջ անվանելը շատ դժվար էր»,– նշեց Փաշինյանը։
Բացի այդ, ըստ նրա, պետք է հասկանալ, թե ճանապարհներին հենապատեր եղե՞լ են, թե՞ ոչ, ու եթե եղել են, ինչո՞ւ չեն աշխատել։
«Վերլուծություն պետք է անենք, թե մեր եղանակի տեսության կանխատեսմամբ զբաղվող մարմինները որքանո՞վ են ադեկվատ եղել, որքանո՞վ են ճշտգրիտ նկարագրել, ճշգրիտ ահազանգել գետերի հոսքերի հնարավոր մեծացման մասին։ Նաև միջազգային գործընկրներից ստացել ենք օգնություն ցուցաբերելու առաջարկներ, հատկապես կամրջաշինական աշխատանքներում մենք պետք է խնդրենք նրանց, որ մեզ օգնեն»,– ասաց ՀՀ վարչապետը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին տեղեկացրեց, որ կան միջազգային գործընկերներ, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցություն ցուցաբերելու հատկապես մոդուլյար կամուրջների կառուցման հարցում։
«Մենք ուղղակի հիմա պետք է հստակեցնենք, թե միջազգային գործընկերներից հատկապես ինչ ենք ակնկալում»,– նկատեց նախարարը։
Փաշինյանն արձագանքեց` ասելով, որ բացի մոդուլային կամուրջներից, նաև կապիտալ ներդրումներով ու ստանդարտներին համապատասխան կամուրջներ պետք է կառուցվեն։
«Ուսումնասիրելով արխիվները` եկել ենք այն եզրակացության, որ չի բացառվում` Լոռիում ու Տավուշում տեղի ունեցած ավերածությունները եղել են այն նույն տեղերում, որտեղ 1950–60 թթ. էլի եղել են հեղեղումներ ու ավերածություններ»,– ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ, օրինակ, Սանահինի 12–րդ դարի կամրջին ոչինչ չի եղել, քանի որ այն բավականին բարձր է, և նրա հիմքերը դրված են երկու մեծ ապառաժի վրա։
Փաշինյանը չբացառեց, որ այդ կամրջի ամրությունը պայմանավորված է նրանով, որ այն ունի որոշակի կորություն` պաշտպանվելու համար ջրի հնարավոր բարձրացումներից։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։