ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը հուլիսի 2–ից կարգելվի ևս 6 ամսով ժամանակավոր։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Նախորդ անգամ արտահանման արգելքը սահմանվել էր մինչև 2024 թ. հուլիսի 1–ը ներառյալ։
«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ–ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը պարբերաբար երկարաձգում է կատալիզատորների արտահանման ժամանակավոր արգելքի ժամկետները։ Առաջին անգամ արտահանման ժամանակավոր արգելքի որոշումը կայացվեց 2022 թ. դեկտեմբերի 15–ին։