ՆԳՆ-ն դիմել է ԵՄ–ին ու ՄԱԿ-ին քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը ակտիվացնելու համար

Նա նշել է, որ դա արվում է աղետների հետևանքների ավելի ճշգրիտ գնահատման և վերացման հարցում փորձագիտական կարողությունները հզորացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՆԳ նախարարությունը հայտեր է ներկայացրել՝ ակտիվացնելու Եվրոպական միության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը, նաև ստանալու ՄԱԿ գրասենյակի աջակցությունը: Այս մասին այսօր հայտարարել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն այսօր Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի անդրանիկ նիստի ժամանակ։ Հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նա նշել է, որ դա արվում է աղետների հետևանքների ավելի ճշգրիտ գնահատման և վերացման հարցում փորձագիտական կարողությունները հզորացնելու համար։
«9 համայնքներում և 2 մարզերում արդեն ստեղծված են տարածքային և մարզային հանձնաժողովներ: Նրանք տեղում իրականացնելու են պատճառված վնասների գնահատում, կազմելու են համապատասխան ակտեր, որոնք ներկայացվելու են հանձնաժողովին»,– ասված է հաղորդագրությունում։
Հատուկ ուշադրություն է դարձվել վնասների հատուցման հետ կապված խնդիրներին և դրանց մեթոդաբանությանը:
Միասնական ձևաչափի սահմանման առումով՝ որոշվել է նաև ներգրավել փորձագիտական ներուժ՝ միջազգային գործընկերների աջակցությամբ գործընթացը հուսալի տեղեկատվական բազայի վրա կառուցելու նպատակով:
Հայտնում են, որ Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով պետությանը և համայնքներին, այդ թվում՝ պատմամշակութային արժեքներին պատճառված վնասները դիտարկվելու են առանձին:
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ