Ի՞նչ է պետք, որ Սևանի էկոհամակարգը բարելավվի. խորհրդատվական ընկերության առաջարկները

Սևանա լիճ
Սևանա լճի ջրի մակարդակը շուրջ 3 մ բարձրանալու դեպքում կարող են տնտեսական վնասներ լինել, քանի որ 925 գույք կմնա ջրի տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Սևանա լճի էկոհամակարգը բարելավելու համար անհրաժեշտ է, որ ջրի մակարդակը մոտ 3 մ–ով բարձրանա, ջրի որակն էլ լավացվի։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «ՍԻՎԻՏՏԱ Հայաստան» խորհրդատվական ընկերության «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ» ծրագրի ղեկավար Գոռ Ղազարյանը։
2001 թվականին ընդունված օրենքում նշվում է, որ Սևանի էկոհամակարգը բարելավելու համար պետությունը լճի մակարդակն առնվազն 6 մ–ով բարձրացնելու պարտավորություն է ստանձնում։ Այսօր 2001 թվականի համեմատ 3 մ–ով է բարձրացել։
Ղազարյանի խոսքով` միայն լճի մակարդակի բարձրացումը չի կարող օգնել էկոհամակարգի բարելավմանը, պետք է նաև ջրի որակը լավացնել։ Նա ընդգծեց` եթե ջրի մակարդակը 3 մետրով բարձրանա, չի նշանակում, որ լճի ծաղկումը կդադարի։
«Ըստ ուսումնասիրությունների` մինչև 2030 թվականը հնարավոր չէ ջրի մակարդակն այդքան բարձրացնել. գետերի հոսքերը նվազում են, գոլորշիացում է տեղի ունենում, երբեմն անվերահսկելի ջրառ է լինում։ Առնվազն մինչև 2040 թվականը կարող է նման պատկեր գրանցվել։ Ջրի մակարդակի բարձրացումը լավ ազդեցություն կունենա ճահճային, ջրաճահճային տարածքների վրա, այսինքն` վերականգնում կլինի, էկոհամակարգը կբարելավվի, ձկների համար միգրացիոն ուղիները կբացվեն, մեծ և փոքր Սևանների կապն էլ կհաստատվի»,– նշեց Ղազարյանը։
Ըստ նրա` եթե լճին չօգնենք, շատ տարիներ հետո կվերածվի ճահճի։ Փորձագետն ասաց, որ որոշում կայացնողները պետք է տնտեսական ու բնապահպանական շահերը համադրեն, արդյունքում էլ հաղթի բնապահպանական շահը։
Ղազարյանը խոսեց նաև ջրի մակարդակի զգալի բարձրացման դեպքում հնարավոր տնտեսական վնասների մասին` նշելով այդ դեպքում 925 գույք կմնա ջրի տակ։
Սևանի մակարդակը 7 սմ–ով բարձրացել է, լրացուցիչ ջրառի կարիք գուցե չլինի. փորձագետ
«Մենք նայել ենք և ուսումնասիրել շրջակա ենթակառուցվածքների ազդեցությունը լճի վրա։ Ծովի մակարդակից 1905 մետրից ցածր ինչ կա, ապօրինի է, օրենքով է դա սահմանված։ Այդ անշարժ գույքը կարող է լինել ուղղակի տեղադրված մեծ քար, շենք–շինություն, որոշ ճանապարհներ, 450 մ երկարությամբ երկաթուղու հատված, Արփա–Սևանի կես կիլոմետր տարածք։ Դրանք ջրասուզվելու են»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է ջրի որակին, ապա, ըստ Ղազարյանի, ամենամեծ խնդիրը կոյուղու բացակայությունն է։ Մարզում կա կեղտաջրերի մաքրման 3 կայան, որոնք մեխանիկական մաքրում են անում, այսինքն` մեծ տարրերը հանվում են, իսկ կեղտաջուրը լցվում է գետը, հետո էլ` լիճ։ Մնացած դեպքերում էլ համայնքների բնակիչներն ու տնտեսվարողներն են իրենց աղբը լցնում գետերը, երբեմն էլ` անմիջապես լճի մեջ։ Ըստ Ղազարյանի` այդ կայանները, որոնք պատկանում են «Վեոլիա ջուր» ընկերությանը, պետք է անցնեն կենսաբանական և քիմիական ցիկլի։ Գյուղատնտեսական ազդեցությունն էլ է ահռելի, խոշոր անասունները լճի տարածքից պետք է հեռացվեն. որովհետև երբեմն նույնիսկ կովեր են լողում Սևանում։
Այս ամենն ընկերությունը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը։ Գերատեսչությունում ասել են, որ պատրաստ են փորձել լուծել խնդիրները։