ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը կոչ է անում քրեականացնել ծնողների գործունեությամբ պայմանավորված երեխաների թիրախավորումը։ Նա այդ մասին հայտարարեց ԱԺ–ում բյուջեի քննարկման ժամանակ` դիմելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և հետաքրքրվելով` արդյոք դրա համար կա՞ն բավականաչափ մեխանիզմներ։
«Մենք պետք է քրեական օրենսգիրքը խստացնենք և ծնողների գործունեությամբ պայմանավորված երեխաների թիրախավորման համար քրեական պատասխանատվություն սահմանենք` առանց որևէ մեղմացուցիչ հանգամանքների, և կապ չունի, թե այդ ծնողը կլինի ընդդիմադիր, թե իշխանություն, տաքսիստ, թե շինարար, ինձ հետաքրքիր չէ, նույնիսկ եթե ամենաչսիրածս մարդու երեխան է»,- ասաց Հովհաննիսյանը։
Անահիտ Մանասյանն իր հերթին նշեց, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը պետք է իրականացվի երեխայի լավագույն շահի համատեքստում, և կարևոր չէ, թե երեխայի ծնողներն ովքեր են։ Միաժամանակ նա նշեց, որ ամբողջ աշխարհում էլ քաղաքական գործիչների ընտանիքի անդամները սովորաբար թիրախավորվում են, իսկ թե այդ թիրախավորումը որքանով է կոշտ, կախված է հասարակության վարքագծից։
Նա հավելեց, որ այսօր հանրային խոսույթը համեմված է այնպիսի տեքստերով, որոնք պարունակում են անհանդուրժողականություն և ատելություն, և հաճախ թիրախավորվում են ոչ թե քաղաքական գործիչներ, այլ սովորական քաղաքացիներ։
«Այո՛, արարքը կարող է պատժելի լինել, եթե քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի տարրեր է պարունակում։ Բայց այստեղ պետք է շատ զգույշ ու զգայուն լինել, որպեսզի քրեական պատասխանատվությունը վրա հասնի բացառապես ամենածայրահեղ դեպքերում, հակառակ դեպքում կարող ենք հատել սահմանը և մտնել քաղաքական հետապնդման դաշտ»,- ասաց նա։
Հիշեցնենք` ապրիլի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը դստեր ` Արփիի հետ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Քաղաքացիներն Աննա Հակոբյանին դիմավորել էին «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, մարդասպա՛ն», «Նիկո՛լ, ցեղասպա՛ն», «Նիկո՛լ, թո՛ւրք» վանկարկումներով։ Ապրիլի 25-ին հայտնի դարձավ, որ միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, 7 անձ է ձերբակալվել։ Նրանցից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։