ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը հուլիսի 2–ից ևս 6 ամսով արգելվեց։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
«Ժամանակավոր արգելքի կիրառման անհրաժեշտությունը բխում է ՀՀ պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Նշվում է, որ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թ.՝ 2668 տոննա, 2020 թ.՝ 2345 տոննա, 2021 թ.՝ 5348 տոննա, 2022 թ.՝ 4700 տոննա)։
Արտահանման արգելքը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում: