ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդներն այցելել են Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Սև լճի տարածք, ասվում է X-ում առաքելության էջում:
«Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը երեկ Գորիսում հանդիպել է առաքելության աշխատակիցների հետ։ Թիմն այցելել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Սև լիճ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մինչ օրս ՀՀ–ում ԵՄ առաքելությունն ավելի քան 2300 պարեկություն է անցկացրել:
Հավելենք, որ Ադրբեջանի զինված ուժերն այս շրջանում Հայաստանի տարածք են ներխուժել 2021 թվականին: Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանք այդ հատվածում վերահսկում են ՀՀ տարածքի ավելի քան 10 կմ2–ն։
Հիշեցնենք` Եվրոպական խորհրդի որոշմամբ` ԵՄ դիտորդական առաքելությունը մշտական հիմունքներով Հայաստանում պաշտոնապես տեղակայվեց 2023 թվականի փետրվարի 20-ից: Մինչ այդ՝ 2022 թվականի հոկտեմբերից, առաքելությունը Հայաստանում էր ժամանակավոր հիմունքներով։
Ըստ համաձայնագրի` դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի:
ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշեցին 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի: