ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պատրաստ է կամուրջ լինել եկեղեցու և պետության միջև։ Նա այդ մասին ասաց ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ` անդրադառնալով Սարդարապատում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի հետ տեղի ունեցած միջադեպին։
Մայիսի 28-ին հայտնել էինք, որ ոստիկանները խոչընդոտել են կաթողիկոսի և մի խումբ հոգևորականների մուտքը Սարդարապատ։
«Ես ցանկանում եմ հատուկ արձանագրել, որ մեր եկեղեցու պատմական դերակատարությունը ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, և շատ կարևոր է, որ պետության և եկեղեցու փոխհարաբերություններն իսկապես ներդաշնակ լինեն։ Կարծում եմ` այդ ներդաշնակությունը խաթարված է. այդ ամենն ուղղակի չտեսնել հնարավոր չէ։ Ես` որպես ապաքաղաքական կառույց, պատրաստ եմ այդ կամուրջը հանդիսանալ բոլոր հնարավոր խնդիրները լուծելու համար»,– նշեց Մանասյանը։
Նա ընդգծեց, որ այս հարցին էմոցիոնալ առումով չի պատասխանի, քանի որ սահմանափակված է մասնագիտական էթիկայի կանոններով, բայց վստահեցրեց, որ պետական մարմիններից պատասխան է պահանջել հասկանալու համար, թե ինչ է եղել։ Նույն հարցով պատրաստվում է խոսել նաև եկեղեցու ներկայացուցիչների հետ։
«Երկու կողմին էլ պետք է լսել հասկանալու համար հարցերը»,– ասաց Մանասյանը։
Պաշտպանը նշեց` թեև ինքը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, բայցևայնպես իր խոսքը պետք է հավասարակշռված լինի, որպեսզի չվիրավորի կրոնական մյուս համոզմունքների տեր մարդկանց։